Armenian
Կրետե՝ առասպելների և գեղեցիկ արկածների կղզի (մաս 1):

Կրետե՝ առասպելների և գեղեցիկ արկածների կղզի (մաս 1):

Այո սիրում եմ ես այս կղզին: Այս փաստը հերքել կամ անտեսել ուղակի անհնար է: Չեմ հիշում, երբ սկսեց այս ամենը: Մանկության տարիներին, երբ ամեն կիրակի գամվում էի հեռուստացույցին Непутевые заметки հաղորդումը դիտելու: Ահա մի այդպիսի հաղորդում էլ նվիրված էր Կրետեին: Արդեն չեմ հիշում, թե ինչ էր պատմում Դմիտրի Կրիլովը, բայց մի բան անվիճել էր. պետք էր տեսնել Կրետեն: 

Սրան գումարած Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները Թեսեվսի և Մինոտավրոսի ասքով,  Դեդալի և Իկարի տխուր պատմությունով, տարիների ընթացքում երազանքը դարձավ որոշում, որոշումը դարձավ քայլ և մի գեղեցիկ օր ոտք դրեցի Կրետեում:
Կացության վայր էր ընտրված Ռետիմնո քաղաքը, ինչի համար ոչ մի րոպե չեմ փոշմանել: Շատ գեղեցիկ մանր ավազով լողափ, քաղաքային աշխույժ կյանք, տեղացիներ, արտասահմանցիներ, հարմարավետ դիրք տարբեր էքսկուրսիաների համար: Ես գոհ էի ու երջանիկ: 

Ու քանի որ, ես չեմ կարողանում առավոտից մինչև երեկո մնալ լողափին, սկսվեց փնտրտուքը ինչ անելու թեմայով: 

Զբաղմունք թիվ 1. Կրետական երեկո

Այո՛, ևս մեկ անգամ այո՛: Բայց, եղե'ք ուշադիր: Կրետական երեկոներ առաջարկվում են տարբեր վայրերում: Ոմանք պարզապես կազմակերպվում են սրճարաններում կամ ռեստորաներում՝ ուղեկցվելով կրետական փոքրիկ երաժշտական համարներով, ուտելիքով և վերջում ավանդական ափսեաջարդությամբ: Ես խորհուրդ եմ տալիս մասնակցել այն երեկոներին, որոնք կազմակերպվում են Արգիրոպոլի գյուղում: Այս գյուղը հայտնի է ոչ միայն իր երեկոներով, այլ նաև իր բազմաթիվ փոքրիկ ջրվեժներով, գառան հատուկ խորովածով, երազանքներ իրականացնող ջրով ու շա՛տ  համեղ թզով: Եթե որոշեք 1կգ թզի համար վճարել 5 եվրո, ապա խրախճանքի սեղանի ուտելիքից միգուցե և՛ հրաժարվեք: Երեկոյի ընթացքում տիրում է անզուսպ ուրախություն: Հյուրընկալ աշխատակիցները Ձեզ հետ միասին կիսում են այս ամբողջ խենթությունը՝ երգելով, պարելով, զրուցելով ու ներքաշելով խրախճանքի հետ: Անհնար է անմասն մնալ: 

 

Զբաղմունք թիվ 2. Այց Էլաֆոնիսի լողափ

Այս լողափը հայտնի է իր երբեմնի վարդագույն ավազով: Այո՛, ժամանակին այստեղ ավազը վարդագույն է եղել, հիմա կարելի է նկատել վարդագույնի շատ բաց երանգը: Իսկ մեղավոր են մեզ նման զբոսաշրջիկները, որոնք որպես հուշանվեր բուռ-բուռ տանում էին ափի ավազը իրենց հետ: Այս վայրը պետք է պահպանել նաև մեր սերունդների համար:  

 Լողափն իր անունը ստացել է հենց ափի դիմաց գտնվող Էլաֆոնիսի կղզու անունից:  Եղնիկների կղզի, ահա այսպես է հունարենից թարգմանվում Էլաֆոնիսի անվանումը: Գեղեցիկ արարածները գալիս էին այստեղ բեղմնավորման շրջանում: Ափից մինչև կղզի տանող ճանապարհը անցնում է ջրի միջով: Ջուրը սաղր է, ու հաճելիորեն տաք: Ավազ ներքնակի փոխարեն, և ջուր՝ ծածկոցի: Շունչդ կտրվում է այդ գեղեկությունից, որը ընդմիշտ է դաջվում է ամենաէսթետիկ հիշողությունների մեջ: Այստեղ կարելի անվերջ  լուսանկարվել. բացառվում է , թե դրանցից մեկը կարող է վատ ստացվել:
 

 

Զբաղմունք թիվ 3 Այց դեպի Մատալա և  Ագիա Գալինի

Այս ուղևորությունը տևում է մի ամբողջ օր, այնպես որ, պետք է լավ պատրաստվել. նախապատրաստեք ջուր, ուտելիք, հագուստ: Մատալան կամ հիպինների լողափը գտնվում է կղզու հարավում և ողողվում է Լիբիայի ծովի ջրերով: Այն հայտնի դարձավ 60-70ական թվականներին, երբ հիպպիներն այստեղ գտան իրենց ազատության դրախտը՝ բնակություն հաստատելով այստեղի քարանձավներում: Բայց նրանց ազատ բարքերը իհարկե դուր չեկան տեղացիներին և որոշ ժամանակ անց նրանց այստեղից վռնդեցին, քարանձավները փակեցին: 

Այսօր, որպես այդ ժամանակների մասին հուշ, մնացել է Մատալայի երաժշտական փառատոնը, որն այցելում են նաև արդեն տատիկ-պապիկ հիպպիները: 

Ագիա Գալինի. կրետացիենրը շատ են հպարտանում այս ձկնորսական գյուղակով՝ անվանելով այն Կրետեի Սանտորինի: Ագիա Գալինին իրոք հիշեցնում է Սանտորինին իր սպիտակ շինություններով, ամֆիթատրոնի նման կառուցվածքով ու ձկնային ռեստորաննեորվ: 
Բայց այս վայրը հայտնի է նաև մեկ տխուր պատմությամբ: Հիշու՞մ եք Դեդալին և նրա որդի Իկարին և նրանց փախուստը Կրետեից: Ահա այստեղ է գտնվում այն բարձունքը, որտեղից նրանք, Դեդալի պատրաստած թևերով օդ բարձրացան: 

Վերադարձի ճանապարհին կանգառ Սպիլլի գյուղում: Բացի այն, որ գյուղն ունի հիրավի տպավորիչ միջավայր, այն հայտնի է իր հանքային ջրերի աղբյուրններով: Իսկ կրետացի կանայք հավատում են, որ այն երիտասարդացնում է և կարողի է փոխարինել բոտեքսին: Այնպես որ չզարմանաք, եթե ուղեգիր վաճառող կրետուհին խնդրի իր համար մեկ շիշ ջուր բերել: 

 

 

Զբաղմունք թիվ 4. Կարդալ

Եթե մինչև Կրետե մեկնելը չեք կարդացել Նիկոս Կազանզակիսի Հույն զոռբա վեպը, ապա չենք մոռանում այն առաջինը տեղավորել ճամպրուկում: Ավելի հարմար ժամանակ քան արձակուրդը Կրետեում, այս գործը վայելելու համար, դժվար է պատկերացնել:

 

Manushak Hayrapetyan

20.06.2020

Հունաստան, Կրետե, Crete, արկածներ, ծովափ, ամառայինարձակուրդներ, ծովափնյաարկածներ, ուղիղթռիչք

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը